«Ոստիկանության մասին օրենքով՝
ոստիկանությունն իրավունք ունի հատուկ միջոցներ կիրառելու, ինչն իհարկե կիրառվում է
ծայրահեղ դեպքերում՝ եթե կա ոստիկանի կյանքին վտանգ, եթե կա քաղաքացու կյանքին վտանգ,
հանրության համար վտանգ: Եվ երբ ընդհանուր նայում ենք տարածված կադրերը, այնտեղ երևում
է, որ ցուցարարների կողմից շշեր են նետվում ոստիկանների վրա։ Նույնիսկ այն մարդը, որը
նետված հատուկ միջոցը վերցնում է, որ նորից հետ նետի. հիմա հարց՝ այդ մարդը մեխանիկորե՞ն
է դա արել, թե՞ հատուկ փորձում էր հետ նետել, որ մարդկանց վնասի։ Եվ այստեղ խոսքը ոստիկանության
մասին չի, այլ ցուցարարի»,- Civic.am-ի հետ զրույցում խոսելով հունիսի 12-ին Դեմիրճյան
փողոցում տեղի ունեցած միջադեպի և ոստիկանության գործողությունների իրավաչափության
մասին՝ ասաց փաստաբան Գևորգ Դավթյանը։
Փաստաբանը նշեց, որ երբ ոստիկանությունը
հատուկ միջոցը կիրառում է, ինքը անվտանգության պահերը պահպանում է։ Գևորգ Դավթյանը
նաև նշեց, որ ըստ ոստիկանության մասին օրենքի՝ եթե ոստիկանությունը ձեռքի տակ չունի
այլ հնարավորություն հասարակական կարգը պահպանելու, մարդկանց կյանքը փրկելու, նաև իր
անվտանգությունն ապահովելու համար, նա կարող է այլ միջոց էլ կիրառել։
«Ես ուզում եմ հասկանալ՝ այն
պարագայում, երբ ցուցարարները, կոտրելով «Սիրահարների այգու» ցանկապատերը, փորձեցին
հայտնվել ոստիկանության թիկունքում, որպեսզի ներխուժեն ԱԺ, ապա ի՞նչ պիտի աներ ոստիկանությունը՝
թույլ տար նե՞րս մտնեին։ Բնականաբար, ոչ, որովհետև դա կլիներ ապօրինություն։ Այսինքն՝
ոստիկանն իր տեղում չէր լինի, ոստիկանն առնվազն պետք է կանխեր այդ գործողությունները։
Նրանք պետք է վնասազերծեին, իսկ դա ենթադրում է նաև հատուկ միջոցի կիրառում։ Ինքն այլ
ձև չունի դա անելու։ Հիմա, եթե ավելի մանրամասն խորանանք այդ դեպքի մեջ, պետք է հասկանանք
դրա դետալային հատվածը, որպեսզի ես, որպես փաստաբան, կարողանամ դրա վերաբերյալ որոշակի
մասնագիտական կարծիք հայտնել։ Բայց երբ ասում են՝ այ, ոստիկանությունը չպիտի սա կիրառի,
չպիտի նա կիրառի, դա այնքան էլ այդպես չէ։ Անհրաժեշտության դեպքում ոստիկանությունն
իրավունք ունի կիրառելու հատուկ միջոցներ»,- ասաց փաստաբանը։
Վերջինս նաև նշեց՝ իսկ թե ինչ
հատուկ միջոց է կիրառվել, բոլորն էլ տեսել են, քանի որ սա 21-րդ դարն է, յուրաքանչյուրն
իր հեռախոսն ունի, հանում են, նկարում են, մանավանդ լրագրողներն էլ ուղիղ եթերում էին՝
ինչ լինում է, անմիջապես ցույց են տալիս: Իսկ եթե լուսաձայնային նռնակից բացի, այլ հատուկ միջոց կիրառվեր, ինչպես պնդում է Բագրատ
Գալստանյանը, ապա դա անմիջապես կիմացվեր։
«Ես մի բան գիտեմ՝ ամեն մարդ
իր գործով պետք է զբաղվի, եկեղեցականն էլ իր գործով պետք է զբաղվի և սիրով լի լինի։
Մենք եկեղեցականից սովորում ենք, դաստիարակվում ենք։ Եվ հիմա նման իրավիճակում այդպիսի
հայտարարությունները կամ նրա գործողությունները
ինչքանով են օբյեկտիվ՝ հետագայում քննությունը կպարզի, որպեսզի տպավորություն չստեղծվի,
որ ես կողմնակալ եմ, բայց մենք էլ ենք մարդ, տեսնում ենք՝ ինչ է կատարվում։ Նաև ասեմ,
որ իմ կարծիքով՝ առնվազն վկայի կարգավիճակով Բագրատ Գալստանյանը պետք է հարցաքննվի»,-
եզրափակեց Գևորգ Դավթյանը։
Լիլիթ Թադևոսյան